«Սկոտչ & whiskey»

Երևանի կամերային թատրոնի հյուրախաղերը Գյումրիում: Նոյեմբերի 22-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Արշալույս Հարությունյանի «Սկոտչ & whiskey» լավատեսական կատակերգությունը, մասնակցությամբ` Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի և Հասմիկ Դանիելյանի:

 

«Manukyan Production»ի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը, ում հրավերով էին  Գյումրիում  Կամերային թատրոնի դերասանները, նշում է, որ շատ կարևոր է  նախ հասկանալ, թե ինչ է ուզում տեսնել հանդիսատեսը: Եթե  գտնված է այդ հարցի պատասխանը, գոհ կլինեն և դերասանները, և հանդիսատեսը: Պրոդյուսեր Արշալույս Հարությունյանի հետ  ցանակնում են ևս մեկ ծրագիր կյանքի կոչել և գյումրեցի հանդիսատեսին այս անգամ էլ  հաճելի անակնկալ մատուցել` Գյումրիում ցուցադրելով  Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիմը:Իսկ մինչ այդ գյումրեցիները վայելում են «Սկոտչ & whiskey» ներկայացումը` ստանալով լավատեսական լիցքեր:

Ռեժիսոր և պրոդյուսեր Արշալույս Հարությունյանը նշում է, որ չնայած տարօրինակ վերնագրին, ներկայացումն իրականում մի շատ պարզ թեմայի մասին է, որը չնայած ժամանակներին  և աշխարհագրությանը, միևնույնն է, ամենարդիականն ու ժամանակակիցն է մնում: Դա է` ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ հարաբերությունների հանգույցը: Թեման ծավալուն է ու բազմակողմանի, դրանով հանդերձ` միշտ հետաքրքրական ` իր ցանկացած  դրսևորումով: Ու, թերևս, պատահական չէ թեմայի այն շեշտադրումը, որ կա ներկայացման մեջ:

«Մեր իրականության մեջ կան շատ կանայք, ովքեր  ամուսիններից շատ ավելի հաջողակ են, ավելի շատ են վաստակում, մի խոսքով լիդեր են:Տրամաբանական է, որ տվյալ դեպքում մեծ մասամբ երկրորդ պլան է մղվում անձնական կյանքը` տղամարդ-կին հարաբերությունները: Ներկայացումն ասում է, որ ամեն ինչ իր տեղն ունի ու հնարավոր չէ փոխարինել մեկը մյուսով: Տղամարդը որքան էլ սիրի կնոջը, տվյալ դեպքում կսկսի փնտրել ուրիշին ու կարևոր չէ` կա սեր, թե ոչ», -ասում է Արշալույս Հարությունյանը:    Ներկայացումը շատ դինամիկ է, հագեցած տրամաբանական հումորով, ու նաև այնպիսի  էլեմենտներով, որոնք ավելի շատ հատուկ են ֆիլմին : Ներկայացման ռեժիսորը ժպիտով նշում է. «Ամեն ինչ մեր դերասաններն են անում ռեալ բեմում, կասկադյորներ չկան»:Իսկ թե ինչի մասին է խոսքը, հայտնի է դառնում ներկայացման հենց սկզբում:

Թեև կան մասնակի չափազանցություններ, սակայն դա բնավ էլ չի ձևախեղում ներկայացման առանցքային սյուժեն: Իսկ առանցքում պայքարող կինն է, ռեժիսորի խոսքերով ասած` “ կանացի ագրեսիվ հմայքն ընդդեմ փշրվող զգացմունքների”: Կին, որը մի կողմից ունի ամեն ինչ, իսկ մյուս կողմից կանգնած է այդ ամենը  կորցնելու վտանգի առջև, քանի որ հրաժարվել ամուսնուց` նշանակում է կորցնել կյանքի իմաստը: Ասել է, թե  սիրո մեջ, ինչպես պատերազմում, բոլոր միջոցներն արդարացված են :Եվ կինը,   անզորությունից ելնելով, ընդունակ է դառնում ամեն ինչի: Մեգին` Լուիզա Ներսիսյանը,  պայքարում է իր տղամարդու համար մինչև վերջ ու հասնում  նպատակին: Դերասանուհին վստահ է, որ սիրող կինը հենց այսպես էլ պիտի վարվի.” Իմ կերպարն ուժեղ կնոջ կերպար է, թեև գալիս է մի պահ, որ նա թուլանում է, իսկ սիրող մարդը կարող է թույլ լինել: Եթե ինքն իր տեսակին համապատասխան վարվեր, պետք է  շրխկացներ դուռն ու  ասեր` գնում ես, գնա: Սակայն նա մի քանի վայրկյանների ընթացքում հասկանում է, որ այդ տղամարդն իրեն թանկ է, ում կորստի հետ չի կարող համակերպվել”: Հակառակ կերպարն է Սառան, ով ապրում է այսօրվա օրով` առանց կենսական արժեքների ու իրականում անտեղյակ  իսկական զգացմունքներին: Դերասանուհի Հասմիկ Դանիելյանը շատ արդիական է համարում թեման և չի մոռանում ավելացնել, որ հաճախ օգտակար է կողքից նայել նման իրավիճակին, գուցե Սառայի նման կանայք կփորձեն իրենց համար կարևոր եզրահանգումներ անել: Եթե դերասանուհիների համար թեմայի խորքային վերլուծությունն է էական, ապա դերասանները թե կյանքում, թե բեմում ընդգծում են “Happy end»-ի անհրաժեշտությունը: «Նման իրավիճակներում ցանկալի է, որ ավարտը լինի այնպիսին, ինչպիսին ներկայացման մեջ է», — ասում է Անդրանիկ Հարությունյանը:

Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի թատերասեր հանդիսատեսին, ներկայացման մասնակիցները վստահեցնում են` այն,  որ այս հանդիսատեսն առանձնահատուկ է, դա ամենևին էլ դատարկ խոսքեր չեն: Դերասաններն իրենք են նկատել, որ ներկայացման մեջ հումորի ամենափոքր դրսևորումն անգամ  չի վրիպում հանդիսատեսի աչքից, ինչը չի կարելի ասել, օրինակ մայրաքաղաքային հանդիսատեսի մասին: Մեծ բեմը տալիս է մեծ էներգիա, բայց նաև շատ պահանջկոտ է, նշում են Կամերային թատրոնի դերասանները: Այն, որ ցանակացած ներկայացում ինչ-որ հետք է թողնում նաև դերասաններից յուրաքանչյուրի մեջ, թերևս, անվիճելի է: Իսկ դերասան Ռաֆայել Երանոսյանը անկեղծորեն կիսվում է ներկայացումից քաղած իր օգուտի մասին . « Այս ներկայացումն ինձ տվեց աշխատավարձի բարձրացում»: Հումորը հումոր, սակայն մի բան ակնհայտ է` ներկայացումը սիրվեց ու ընդունվեց գյումրեցի հանդիսատեսի կողմից բուռն ծափերով:

 

Lilith Makaryan