ԱՆՑՅԱԼԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ

Այս անցյալը
Կարծես լինի անցակետ`
Մի սահմանի անցած,
Որն անցնելու համար,
Թերևս, քիչ է գրավելը…
Ու մի բան էլ ավել…
Այս անցյալը
Կարծես լինի հանցակետ`
Մի հանցանքի չկատարած,
Որ ջնջելու համար
Քիչ է օրենսգիրքն այրելը…
Ու մի բան էլ ավել…
Այս անցյալը
Կարծես լինի հանցագետ,
Որին խոսքի վերջում անգամ
Թերի է թվում երկու կետը…
Ու մի բան էլ ավել`
Երրորդն է դնում միշտ այդ (տ)գետը:

 

LM 2012

5 ՊԱԿԱՍ

Ուրիշ ես դու,
Ինչպես վերացող մի հոգետեսակ,
Որ իր եզակի էության խորքում
Թվում է իրեն թերի ու կիսատ…
Կանչում ես դեպի քո տուն հեռավոր,
Ու կանչդ, ինչպես հոգևոր սոսինձ,
Կպչում է բախտիս` կապույտ, մենավոր…
Եւ դու`ուժեղս, գողանում ես ինձ
Բոլոր- բոլորից…
Մոլորակիդ Լուսինն եմ դառնում,
Դառնում ես դու մի ամբողջ աշխարհ:
Իմ կույր հոգով լույսին եմ հառնում`
Սիրո մեջ դառնում մի փոքրիկ նշխար…
Թշվառ ու դժվար…
Ուզում եմ միայն մի բան հասկանալ.
Իրականում դու կաս… թե չկա~ս…
Իսկ Ժամացույցիս սլաքը մի դար
Կանգնած է տեղում` Կյանքից հինգ պակաս…

 

LM 2012

ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

Լինում է, չի լինում մի հայ Հայրենասեր է լինում:Էս հայրենասերը շատ է երազում ստանալ ԱՀՀ` Ամենաթունդ Հայ Հայրենասերի կոչումը , բայց ինչ էլ անում է, միևնույնն է, չի կարողանւմ ընդգրկվել նույնիսկ լավագույն 10յակ:

Մի առավոտ նա  իր եռագույն ներքնաշորի վրայից հագնում է Հայկական զինանշանի դրոշմով վերնաշապիկը , Հայկական այբուբենի Ժ տառը հետևի գրպաններին ասեղնագործած անդրավարտիքը (դե քանի որ ամսի 10ն էր, դրա համար էլ Ժ  ) և որոշում  ոտաբոբիկ գնալ եկեղեցի ու 100 հատ մոմ վառել իր հայրենիքի բարօրության համար : Պատահաբար հագնում է կոշիկները և մեծ հավատով գնում եկեղեցի. Ճանապարհի կեսն էլ չէր անցել, զգում է, որ շատ հոգնած է, իսկ Առաքելական եկեղեցին դեռ հեռու է… Այդ պահին հանկարծ հարևան փողոցում նկատում է Ավետարանչական եկեղեցին.Հիմա ոմանք կմտածեն` Ինչ տարբերություն…Մեր Հայրենասերն էլ մտքում ասում է . «Ինչ տարբերություն…100 հատ մոմ եմ վառելու, ոնց էլ լինի Աստված կների էդքան մոմի դիմաց… Համ էլ, անտերը շատ եմ հոգնել»,- մտածում է ու մտնում Ավետարանչական եկեղեցին:

— Բարեվ, այս բարակ մոմն ինչ արժի,- հարցնում է Հայրենասերը մոմավաճառին:

-60 դրամ:

— 100 հատ եմ գնելու 30 դրամով տուր,- պահանջում է Հայրենասերը:

— Ձեռ ես առնեւմ այ ընկեր… 40ից ոչ մի լումա պակաս..

-Լավ… կլինի 4000 դրամ… Ուրեմն, ծախսելիք գումարի չափով ավելի լավ է 100 դրամանոց մոմ վերցնել…- բարձրաձայն մտածում է Հայրենասերը,- 100 հատը մինչեվ երեկո հազիվ էլ հատ-հատ վառեմ: Գոնե էսպես 40 հատը կվառեմ…ժամանակս էլ կխնայեմ…

— Դե որ այդպես է, ինձ 2000 դրամ տուր, ես քո փոխարեն կվառեմ…դու էլ գնա գործիդ,- անկեղծորեն առաջարկում է մոմավաճառը:

— Ամոթ քեզ:Ձեռ ես առնում ինձ?…- զայրանում է Հայրենասերը,- ինձ ում տեղն ես դրել?Թուու… Էս ուր ենք հասել…Այ մարդ, 2000 դրամ քեզ տալու տեղը, 500 դրամով եկեղեցու դիմացի մուրացկանը յալվարուվ կվառի,- բացականչեց Հայրենասերը ու առանց մոմ գնելու հեռացավ…

 

ԼՄ 2012

ԵԶԱԿԻ ՁԵՌՔ

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՕՏԱՐ ԵՄ ԱՅՆՔԱՆ,

ՈՐ ՀԱՐԱԶԱՏ Է ԴԱՌՆՈՒՄ ՕՏԱՐՆ ԷԼ:

ԵՎ ԲԱՌՆ ԱՅԴ ԹՇՎԱՌ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՆԳԱՄ

ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ԿՏՐՈՒԿ ՕՏԱՐԵԼ

ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻՑ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԻ,

ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ԶԶՎԵԼԻ ԿԵՂՏԸ,

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՋՆՋՈՒՄ ՎԻԹԽԱՐԻ`

ՓՈՔՐԻԿ ՄԻ ՀԱԲՈՒՄ ԳՏՆԵԼՈՎ ԵԼՔԸ:

ՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵՂԻ ՄԻ ՔՍՈՒՔ,

ՈՐ ԲՈՒԺՎԻ ԽՈՐԸ ՈՒ ՑԱՎՈՏ ՎԵՐՔԸ:

ԻՍԿ ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՁԵՌՆՈՑ ՄԻ ԶՈՒՅԳ,

ՈՐ ՀԻՇԻ ՉԵՂԱԾ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՁԵՌՔԸ.

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՋՆՋԵԼ ԱՅԴ  ՕՏԱՐ ԲԱՌԸ,

ՈՐ ՁԵՌՆՈՑԻ ՊԵՍ ՆԵՏՈՒՄ Է ԴԵՄՔԻՍ

ՈՒ ԾԻԾԱՂՈՒՄ Է ՕՏԱՐ ԱՇԽԱՐՀԸ`

ՀԱՆԳԻՍՏ ՆԱԵԼՈՎ ԵԶԱԿԻ ՁԵՌՔԻՍ.

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՋՆՋԵԼ, ՈՐ ԻՆՁ ՉՀԻՇԵՄ,

ՈՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ ԵՍ ԴԱՌՆԱՄ ԱԶԱՏ.

ԻՄ ՆՄԱՆՆԵՐԻՑ ԶՐԿՎԻ ԿԼԻՇԵՆ.

ՕՏԱՐՆԵՐԻՆ ՁՈՒԼՎԵՄ ՀԱՐԱԶԱՏ….

LM 2012

ՃԵՊԱՆԿԱՐ

ՑՈՂԸ ԴՈՂԱՑ ՊԱՏՈՒՀԱՆԻՍ,

ՈՒՇԱԹԱՓՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՈՒՂԻՂ,

ԻՆՉՊԵՍ ՄԻ ԳԻԾ,

ԿԱՄ ԹԵ` ԹԱԽԻԾ…

ԻՆՉՊԵՍ ՄՈՒԿԸ ՏԵՍԱԾ ՄԻ ՓԻՂ,

ՎԱԽԻՑ ՍԹԱՓՎԵՑ ԼՈՒՍԱԲԱՑԸ:

ԼՈՒՌ ԹՊՐՏԱՑ ԿԱՆԱՉ ՄԻ ԾԻԼ,

ՈՐ ԿՈՒԼ ՏԱԼՈՎ ԼՈՒՅՍԻ ԽԱՅԾԸ,

ՁԳՎԵՑ ԿԱՐԹՈՎ ԱՐԵՒԱՅԻ

ՈՒ ԴՈՒՐՍ ՊՐԾԱՎ ԿԱՐԿԱՏԱՆԻՑ,

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՂ ԾԱԾԿՈՑԻ ՄՈՒԹ ԴԱՐԱՆԻՑ,

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԻՆ ՄԱՌԱՆԻՑ…

ՀԱՐԲԱԾ ՄԻ ԲԻԾ,

ԿԱՄ ԹԵ, ԱՍԵՆՔ, ՄԻ ՊԱՐԱԳԻԾ`

ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՁԵՒԱՉԱՓԻ

ՈՐ ՈՉ ՊԱՐ Է,

ՈՉ ԷԼ ԳԻԾ…

ՓԱԿԱԳԻԾ Է`

ՄԵՐԿ ԱՂԵՂՎԱԾ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ`

ՇՐՋԱՆԱԿՎՈՂ ՄԱՅՐ ԻՐԱՆԻՆ ՄՈԼՈՐԱԿԻ,

ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴ…

ՈՒ ԿԱՆԱՑԻ ԻՐ ԲՆՈՒԹՅԱՄԲ

ԿՅԱՆՔ Է ՆԵՏՈՒՄ ՄԻ ԲԵՐՐԻ ՀՈՒՆԴ,

ՈՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄԱՅՐԱՆԱ,

ԵՒ ՀԱՅՐԱՆԱ ՆՈՐԱԹՈՒԽ ԱՅՍ ԳԱՐՈՒՆԸ…

ՏԱՐՐԱԼՈՒԾՎԻ ՁՅՈՒՆԱՓԹԻԹ ԴԱՐԱՆՈՒՄԸ,

ԶԱՐԿԵՐԱԿՎԻ’ ՎԱՐԱՐՈՒՄԸ,

ՆՈՐԱԾՆՎԻ’ ԱՐԱՐՈՒՄԸ…

 

ԼՄ 2012Թ.

ՓԱԽՈՒՍՏ

Գիտես, կյանքը ինձ շատ է սիրում,

Ավելին, թե կարող ես անգամ երազել.

Ինչպես մարդիկ էլ անգամ չեն սիրում,

Ու չեն էլ կարող այդ “շատ” –ը պարզել…

Ասում է` գիտես, քեզ շատ է սազում

Իմ սերը` որպես կոշիկ ու հագուստ,

Ու ես ապրում եմ կարծես  երազում…

Երազելով` սիրուց այդ… փախուստ…

 

LM 2012