Հարցազրույց Արաքսյա Մուշեղյանի հետ

Արաքսյա Մուշեղյան “Ջազը և Գյումրին” նախագծի մասին այսօր խոսում են արդեն Հայաստանի սահմաններից դուրս: Համերգաշարի մասին իր կարծիքն է հայտնել նաև կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը: Վերջինս գտնում է, որ նախագիծը Գյումրիի համար բավական օրինաչափ երևույթ է, քանի որ արդեն երկար տարիներ ջազը համարվում է հայկական երաժշտական կյանքի անբաժանելի մասնիկը:

Լ.Մ.- Համարձակություն չէ, արդյոք, Գյումրիի նման փոքր և սոցիալապես անապահով քաղաքում նման նախագծի իրականացումը` հաշվի առնելով վերջինիս պարբերական և տևական բնույթը: Ինչի մասին կարող է վկայել տվյալ դեպքում համերգաշարի հաջողված լինելը:
Արաքսյա Մուշեղյան- Սա միայն մի բան է նշանակում. Բացի ամենօրյա մարդկային պահանջներից գոյություն ունի նաև մարդկային հոգու աճելու և զարգանալու պահաջը: Ամեն երաժշտություն ունի իր տեղը, ժամանակը և հանդիսատեսը: Ջազով զբաղվող երաժիշտները անում են դա, որովհետև, իմ կարծիքով, պարզապես դա չեն կարող չանել: Եվ մենք գիտենք, որ երաժշտությունը, հատկապես լավ երաժշտությունը, կարող է դիպչել հոգու ամենանուրբ լարերին:

Լ.Մ.— Տարբեր ժամանակահատվածներում ջազն ունեցել է իր որոշակի և հավատարիմ լսարանը: Ձեր կարծիքով այսօր կարող ենք առանձնացնել որոշակի տարիքային կամ սոցիալական այլ խումբ, ով առավել հետաքրքրված է այս երաժշտարվեստով:
Արաքսյա Մուշեղյան- Ինձ թվում է, որ ջազի լսարանը տարիք չունի և հաշվի չի առնում մարդու սոցիալական վիճակը: Երևի կարելի է ասել, որ այս երաժշտություն լսողը պիտի ունենա երաժշտական ճաշակ:

Լ.Մ.- Իսկ ինչպես է ձևավորվում այդ ճաշակը: Հաճախ լսում ենք ( նաև` ասում) `» Հասարակությունն անճաշակ է», « Ինչ պահանջում է լսարանը, այն էլ հրամցնում ենք»: Ստացվում է` մեր հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդը անգամ ի վիճակի չէ տարբերել լավն ու վատը: Արդյոք դա այդպես է:
Արաքսյա Մուշեղյան- Այսօրվա «վատ ճաշակ” հասկացությունը միայն մեզ մոտ չի: Ամենուրեք խոսում են երաժշտության որակի անկման մասին, որովհետև երաժշտությունը հասարակական կյանքի ամենավառ արտահայտչամիջոցն է: Երաժշտություն ստեղծողն էլ է մարդ, և նրա հոգեվիճակն ու ապրումներն անմիջականորեն արտացոլվում են իր ստեղծագործության մեջ, որը նա հետո փոխանցում է ժողովրդին: Այսօրվա երաժշտությունն արտահայտում է այսօրվա օրը: Ինչ վերաբերում է ճաշակին, երաժիշտը չպիտի ընկնի պահանջարկի հետևից և հրամցնի այն, ինչ ուզում է հանդիսատեսը: Նրան պետք է կրթել լավ երաժշտությամբ, որի համար էլ անհրաժեշտ են որակով մասնագետներ: Ցավոք, նման մասնագետների պակաս մենք այսօր ունենք:

Լ.Մ.- Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ , օրինակ, «Ջազը և Գյումրին նախագիծը տեղի այն երիտասարդ երաժիշտների վրա, ովքեր սկսում են իրենց առաջին քայլերը:
Արաքսյա Մուշեղյան— Այս նախագիծը տեղի երիտասարդ երաժիշտների համար լավ հնարավորություն է, և որքան շատ լինեն նման նախագծերը, այնքան շատ կլինի ԼԱՎ ճաշակը: Իսկ «Ջազը և Գյումրին» նախագծի նոր համերգաշրջանի հետ կապված Շուշան Պետրոսյանին մաղթում եմ լավ համերգ, գյումրեցիներին էլ լավ տպավորություններ:

Լիլիթ Մակարյան

Оставить комментарий