“ Ջազը և Գյումրին” նախագծի երկրորդ համերգը

Դեկտեմբերի 2-ին Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնում տեղի ունեցավ “Chico & Friends “ հայկական լեգենդար ջազային խմբի համերգը, մասնակցությամբ` Արմեն Թութունջյանի` Չիկո, Երվանդ Մարգարյանի, Հայկ Շաքարյանի, Սիմոն Դոլմազյանի և Դավիթ Մելքոնյանի: Ջազմենները գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեցին համաշխարհային ջազի դասականներին` արժանանալով ջերմ ընդունելության: Հայ ջազմենները բարձր գնահատեցին կատարված աշխատանքնեը` փաստելով, որ «Ջազը և Գյումրին» նախագիծը լուրջ ձեռքբերում է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երաժշտության հանդեպ Գյումրիում կա մեծ հետքրքրություն: Ջազմենները հույս են հայտնում, որ նախագիծը կոգևորի տեղի երաժիտներին ու Գյումրին էլ կունենա իր ջազ խումբը, իսկ Արմեն Թութունջյանն այստեղ տեղին է գտնում նշել, որ իրենք մեծ հաճույքով հանդես կգային համատեղ համերգով: Ուրախալի է նաև այն փաստը, որ հանդիսատեսի գերակշիռ մասը երիտասարդներ են: “Chico & Friends “ հայկական լեգենդար ջազային խմբի համերգը եկել էին վայելելու նաև երբեմնի գյումրեցի ջազմենները: Ավագ սերնդի երաժիշտների համար ջազը իսկական տարերք է, իսկ նախագիծը ` Գյումրիում ջազի գեղեցիկ ավանդույթների վերածնման խթան: Թե “Chico & Friends “ խմբի անդամները, թե հանդիսատեսը ափսոսանք են հայտնում, որ նման նախագծերի ստեղծման հարցում անհատները չեն ստանում պետական որևէ կառույցի հովանավորություն և հաճախ ստիպված են լինում սեփական միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչպես տվյալ դեպքում է: « Ջազը և Գյումրին» նախագծի հեղինակ և ղեկավար Մկրտիչ Մանուկյանն էլ ժպիտով փաստում է` «Կարճ ժամանակահատվածում կարողացել ենք հասնել խոստումնալից արդյունքների: Սա շատ ոգևորիչ է : Երկրորդ համերգի բոլոր տոմսերը նախորդի նման վաճառվել են» : Նախագծի հաջորդ համերգը 2013ին է:

Տեքստը` Լիլիթ Մակարյանի
Լուսանկարները` Գուրգեն Գինոսյանի

with Armen Tutunjyan

CHICO & FRIENDS JAZZ GROUP

Оставить комментарий