Հարցազրույց Արման Մարգարյանի հետ

Արման ՄարգարյանԼ.Մ.— Արման, Ձեր տպավորությունը, երբ առաջին անգամ իմացաք “Ջազը և Գյումրին” նախագծի մասին: Տարօրինակ էր, զարմանալի, թե օրինաչափ Գյումրիում նման նախագծի իրականացումը:

Արման Մարգարյան-Զարմանալի չէր, որովհետև գյումրեցիները միշտ առանձնացել են իրենց մեծ սիրով դեպի արվեստը: Ընդհանրապես ինձ համար ավելի զարմանալի է, երբ ին-որ ոչ լիարժեք և երաժշտության հետ կապ չունեցող “երաժշտական “ միջոցառումներ են կազմակերպվում, իսկ այս դեպքում ` ՈՐԱԿՅԱԼ երաժշտություն, բնականաբար, կենդանի հնչողությամբ: Ոչ թե զարմացրեց, այլ պարզապես շատ ուրախացրեց:

Լ.Մ.-Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման նախագծերի իրականացումը հասարակության երաժշտական ճաշակի ձևավորման, երաժշտարվեստի այս ժանրի մասսայականացման տեսակետներից:

Արման Մարգարյան-Այսպիսի նախագծերը չեն կարող անհետևանք մնալ, բնականաբար, լավ երաժշտության պրոպագանդան բոլորիս գործն է: Շատ մեծ երաժիշտներ մանուկ հասակում ոգեշնչվել են այս կամ այն կատարողի համերգից և սկսել զբաղվել երաժշտությամբ: Դա շատ կարևոր է: Որքան շատ այսպիսի նախագծեր լինեն մեր երկրում, այնքան շատ լավ երաժիշտներ կունենանք ապագայում: Եթե մի հոգի էլ սկսի լուրջ զբաղվել երաժշտությամբ, համարեք, որ միսիան կատարված է:

Լ.Մ.-Որպես նմանատիպ նախագծերի կազմակերպման մեջ փորձ ունեցող անձնավորություն, ինչպես եք գնահատում կատարված աշխատանքները “Ջազը և Գյումրին” նախագծում:

Արման Մարգարյան-Մեծ ջանքեր, էներգիա և ժամանակ է պահանջվում կազմակերպելու համար այդպիսի նախագծեր: Ինքս դրանով զբաղվում եմ, լավ գիտեմ: Բնականաբար, ամենամեծ հաճույքն այն է, երբ համերգն անցել է շատ լավ, և մարդիկ գնացել են տուն նոր լիցքեր ստացած: Կարծում եմ, “Ջազը և Գյումրին” նախագիծը շատ ճիշտ կազմակերպված նախագիծ է:

Լ.Մ.-Մեր երրորդ համերգը Շուշան Պետրոսյան ջազ-երգչուհու մասնակցությամբ է: Գյումրեցիների մեծ մասը նրան այս ոճում չի ճանաչում: Այսպես ասենք, ինչ է ապասվում գյումրեցիներին երրորդ համերգի ժամանակ, ինչպիսին է Շուշան Պետրոսյան ջազ-երգչուհին ըստ Ձեզ:

Արման Մարգարյան-Կարծում եմ, Շուշան Պետրոսյանը Հայսատանի այն եզակի երգչուհիներից է, ում կարելի է, իրոք, անվանել Արվեստագետ: Անկեղծ ասած, չեմ եղել Շուշանի ջազային համերգներին, բայց տեսանյութեր տեսել եմ նրա համերգներից: Իմանալով նրա երաժշտական ճաշակը` կասկած չունեմ, որ գյումրեցիներն այդ օրը ներկա կգտնվեն իսկական ջազային տոնի, քանի որ Շուշանը շատ խորն է զգում այդ մշակույթը և յուրովի ներկայացնում:

Լիլիթ Մակարյան